Դա Վինչիի «Սալվատոր Մունդի» կտավն առաջին անգամ կցուցադրվի Աբու Դաբիի Լուվրում
Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Լեոանարդո դա Վինչիի «Սալվատոր Մունդի» կտավը, որն ամիսներ առաջ աճուրդում վաճառվել էր ռեկորդային 450.3 մլն դոլարով, առաջին անգամ ցուցադրության կհանվի հեղինակավոր Լուվր թանգարանի՝ Աբու Դաբիի մասնաճյուղում:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը տեղեկացրել է, որ գնել է Դա Վինչիի գլուխգործոցը:
Հինգ հարյուր տարի առաջ նկարված կտավը հայտնաբերվել էր 2005թ.: Այն համարվում է Դա Վինչիի՝ մասնավոր հավաքածուում գտնվող վերջին կտավը:
Նշվում է, որ «Սալվատոր Մունդի»-ն հանճարեղ իտալացու այն կտավներից մեկն է, որը հարյուրամյակներ շարունակ կորած է համարվել:
Հայտնի է, որ «Սալվատոր Մունդի» կտավում պատկերված է Հիսուս Քրիստոսը: Հեղինակն այն նկարել է հանրահայտ «Մոնա Լիզա»-ն ստեղծելու նույն ժամանակահատվածում: Կտավը ստեղծվել է 1506-1513թթ. ընթացքում՝ Ֆրանսիայի արքա Լուի 12-րդի համար: