Գարեգին Բ–ն ընդունել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարին
Հունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է քաղաքապետի պաշտոնակատարին նշանակման առիթով` վստահություն հայտնելով, որ նա ազգանվեր ծառայությամբ իր ջանքերը կներդնի ի նպաստ քաղաքի բարեկարգման և կենսամակարդակի բարձրացման:
Նորին Սրբությունն անդրադարձել է Մայր Աթոռի կողմից իրականացված նախաձեռնություններին, որոնց շնորհիվ քաղաքն ավելի ներկայանալի և գրավիչ է դարձել այցելուների համար, ինչպես նաև ներկայացրեց ապագա ծրագրերը: Այս առումով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է գործակցությունը հայոց հոգևոր կենտրոնի և քաղաքապետարանի միջև:
Իր հերթին Դիանա Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ընդունելության և օրհնության համար` ուրախություն արտահայտելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ իր առաջին հանդիպման կապակցությամբ:
Քաղաքապետի պաշտոնակատարը նաև կարևորել է Հայ Առաքելական Եկեղեցու՝ մասնավորապես Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական, բարեգործական ու կրթական ծրագրերը: Վերջինս պատրաստակամություն է հայտնել առավել սերտացնելու առկա համագործակցությունը՝ ներդրում ունենալով Մայր Աթոռի հայրենաշեն ծրագրերում:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և Դիանա Գասպարյանն անդրադարձել է Էջմիածին քաղաքի խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: