ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ դեպի Թուրքիա ճանապարհորդելուց
ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացրել է երկրի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ Թուրքիա այցելելուց, տեղեկացնում է թուրքական artigercek.com կայքը։
Նշվում է, որ Թուրքիա մեկնել պատրաստվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել հատկապես խուսափել երկրի հարավ-արևելյան ու Սիրիային սահմանակից նահանգներ մեկնելուց՝ հնարավոր ահաբեկչական հարձակումներից ու թուրք իրավապահների չհիմնավորված ձերբակալություններից խուսափելու համար։
ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ հատկապես շեշտված են թուրքական Հաթայ, Քիլիս, Այնթապ, Ուրֆա, Շըրնաք, Դիարբեքիր, Վան, Սղերդ, Մուշ, Մարդին, Բաթման, Բինգյոլ, Դերսիմ, Հաքքարի և Բիթլիս նահանգները, ուր ճանապարհորդությունները ծայրահեղ անցանկալի են համարվում։
Թուրքիա մեկնող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել հատկապես հեռու մնալ բազմամարդ վայրերից, առևտրի կենտրոններից, օդանավակայաններից, սպորտային և մշակութային բազմամարդ միջոցառումներից, ռեստորաններից, շուկաներից ու զբոսաշրջային հայտնի վայրերից։ Հայտարարության մեջ շեշտված է, որ ահաբեկիչները հատկապես թիրախավորում են օտարերկրյա քաղաքացիներին՝ մեծամասամբ Արևմուտքի երկրներից։