Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաները Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վերջին 6 ամիսներին տուգանվել են, բայց տուգանքների կիրառման մասին նախապես չեն ծանուցվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
«Հունվարից վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաները Հայաստանում տուգանվում են երթևեկության կանոների խախտման համար, բայց դրա մասին իմացել են հունիսի 4-ին: Մարդկանց չեն իրազեկել՝ տուգանում են իրենց, թե ոչ: Մարդիկ սահմանային անցման կետերում միշտ հարցրել են՝ կիրառելո՞ւ են տուգանք, թե՞ ոչ, արդեն տուգանո՞ւմ են: Բայց սահմանային կետում միշտ ասել են՝ մի՛ անհանգստացեք, կտուգանեն, երբ կիրազեկեն: Հունիսի 4-ից սկսել են իրազեկել, որ այսուհետ տուգանելու են, այնինչ, հունվարից կուտակվել են մեծ ծավալի տուգանքներ. մարդիկ կանգնել են խնդրի առաջ»,- ասաց Շիրակ Թորոսյանը:
Պատգամավորի խոսքով՝ իրավիճակն անհեթեթ է, մարդկանց ծանուցել են 6 ամիս առաջվա խախտումների մասին:
«Եթե Հայաստանի քաղաքացիների համար օրենքի բերված նախագծով համաներում պետք է իրականացվի տուգանքների համար, ես առաջարկում եմ, որ ջավախահայերի համար 2018թ.-ի հունվարից հունիս արված խախտումները համաներվեն առանձին դրույթով»,- ասաց Շ. Թորոսյանը:
Վերջինս նշեց, որ հայ-վրացական սահմանը վրացական ավտոմեքենաներով հատող անձանց տուգանելու որոշման մասին պիտի իրազեկեր ճանապարհային ոստիկանությունը: Բայց քանի որ նրանք հաշվառված չեն Հայաստանում, ըստ Թորոսյանի, պետք է իրազեկվեին սահմանին:
«Եթե հունվարից սկսել են տուգանել, ուրեմն պարտավոր էին հունվարից իրազեկել, իսկ եթե չեն արել, չեն ծանուցել, մարդն արխային է ընկել, հիմա էլ կանգնել է փաստի առաջ»,-նշեց նա:
Տուգանքները չվճարելու արդյունքում, ըստ նրա, ջավախահայերը կզրկվեն Հայաստան մուտք գործելու հնարավորությունից: