Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դիմելով ընտրություններում իր գլխավոր մրցակից Ժողովրդահանրապետական Մուհարրեմ Ինջեին, հայտարարել է, որ վերջինս ոչ միայն երբեք իշխանություն չի դառնա, այլև «հնարավորություն չի ունենա անգամ մոտենալու նախագահական պալատին», գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։
«Պալատները պետք է տապալեր․․․Ձեր կուսակցության ղեկավարն էլ էր նման բան ասում, հետո գառնուկի պես եկավ պալատ։ Դու այդ առիթն անգամ չես ունենա։ Այս ժողովուրդը ձեզ կթաղի՛», - ասել է Էրդողանը։
Էրդողանը նաև պնդել է, որ անցյալ 16 տարիների ընթացքում ինքն ու իր կուսակցությունն «անձայն հեղափոխություն» են իրականացրել՝ զարգացնելով Թուրքիան։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ընտրություններին ընդառաջ դաշինք է կազմվել երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական, Մերալ Աքշեների «Լավ» կուսակցության, ինչպես նաև երկրում գործող Դեմոկրատական ու «Երջանկություն» կուսակցությունների միջև։
Ըստ ձեռքբերված համաձայնության՝ ընտրությունների առաջին փուլում ընդդիմադիր կուսակցություններից յուրաքանչյուրն առաջադրելու է իր թեկնածուին, իսկ երկրորդ փուլում բոլորը պետք է աջակցեն նրանցից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին: