Թուրքիայի Բուրսա քաղաքում 13 տարեկան երեխա է բերման ենթարկվել՝ իրենց տան պատին քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ու նրանց առաջադրած նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի անունը գրելու համար, հաղորդում է «Էվրենսել» պարբերականը։
Հայտնի է, որ ոստիկանական բաժանմունք տեղափոխված երեխային քննիչը հարցեր է ուղղել իր ընտանիքի մասին, հետաքրքրվել, թե արդյոք տանը երեխայի ներկայությամբ քաղաքականության մասին խոսվում է, թե ոչ, ինչպես նաև խորհուրդ է տվել երեխային նման արարքներ թույլ չտալ, քանի որ դրանք կարող են անդրադառնալ նաև իր դպրոցական կյանքի վրա։
Փաստաբանները հայտնել են, որ երեխան ավելի ուշ ազատ է արձակվել։ Հայտնի է, որ նա մոտ ապագայում կրկին կանչվելու է հարցաքննության։