Լեհաստանի հարավարևելյան մասում ավիադպրոցին պատկանող թեթևշարժիչային ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մայրուղու վրա: Այս մասին հայտնում է RMF FM ռադիոկայանը՝ հղում անելով ականատեսներին:
«Առավոտյան A4 մայրուղով ընթացող վարորդները զարմանքից քար են կտրել. Ժեշուվ արևելյան և Ժեշուվ արևմտյան կետերի միջև մայրուղու վրա թեթև շարժիչով ինքնաթիռ է վայրէջք կատարել», - նշել է աղբյուրը:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռի շարժիչը խափանվել է, և այն վայրէջք է կատարել Ժեշուվ-Յասենկա օդանավակայանի մոտակայքում:
Նշվում է, որ այժմ հրշեջները ստուգում են՝ արդյոք վառելիքի արտահոսք է տեղի ունեցել: Միջադեպի մասին տեղեկացվել է Ավիացիոն պատահարների քննության հանձնաժողովը: Առանց հանձնաժողովի որոշման՝ անհնար է մայրուղուց հեռացնել ինքնաթիռը, որի պատճառով արգելափակվել է ճանապարհի մի գիծը: