Գվատեմալայի իշխանությունները Ֆուեգո հրաբխի ժայթքումից ավելի քան 7 ժամ առաջ տեղեկացվել են սպասվելիք տարերային աղետի մասին ու վտանգի գոտում գտնվող բնակիչներին տարհանելու նախազգուշացում ստացել։ Այնուհանդերձ՝ նրանք գործի չեն անցել, գրում է Daily Mail-ը՝ տեղի լրատվամիջոցներին հղումով:
Ըստ այդմ՝ հունիսի 3-ի առավոտյան ժամը 6-ին Սեյսմոլոգիայի ազգային ինստիտուտը նախազգուշացրել է Աղետների հետևանքների նվազեցման ազգային համակարգող ծառայությանը Ֆուեգոյի անխուսափելի ժայթքման մասին: Դրանից հետո՝ մինչ հրաբխի ժայթքումը, ինստիտուը ևս երկու նախազգուշացում է հղել, որոնք այդպես էլ անտեսված են մնացել:
Իշխանությունների անտարբեր մոտեցման հետևանքով ներկայում զոհերի թիվը հասել է մոտ 100-ի, կան երկու հարյուրից ավելի անհետ կորածներ: Նման տվյալներ է հրապարակել Գվատեմալայի դատաբժշկական ինստիտուտը:
Հայտնի է, որ վտանգի գոտում գտնվող բնակավայրերում դեռևս կան մարդիկ, որոնք չեն տարհանվել: