ԱՄՆ-ն որոշում է կայացրել նոր սակագներ սահմանել Եվրամիությունից, Մեքսիկայից և Կանադայից պողպատի և ալյումինի ներկրման համար:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսին, կեսգիշերից ուժի մեջ կմտնեն 25 տոկոս սակագինը պողպատի և 10 տոկոս սակագինն ալյումինի համար: Ինչպես նկատում է աղբյուրը, նոր սակագները կանդրադառնան ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներից մի քանիսին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամներին:
ԱՄՆ-ի որոշման առնչությամբ «խոր հիասթափություն» են հայտնել Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան: Մինչդեռ առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմն այն անվանել է «վատ օր համաշխարհային առևտրի համար»:
Ամերիկացի նախարարն այս որոշման մասին հայտարարել է Փարիզում, որտեղ հանդիպում է անցկացրել ԵՄ ղեկավարների հետ:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ևս արձագանքել է ԱՄՆ-ի՝ նոր սակագներ սահմանելու որոշմանն՝ ասելով, որ դրանով ԱՄՆ-ն ԵՄ-ին այլ ընտրություն չի թողնում պատասխան միջոցներ ձեռնարկելուց բացի: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների միակողմանի քայլերը հակասում են Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին: