Նիդեռլանդների և Ավստրալիայի իշխանությունները պաշտոնապես մեղադրել են Ռուսաստանին Դոնեցկի մոտակայքում 2014 թվականի հուլիսի 17-ին մալայզիական Boeing ինքնաթիռի կործանման համար, հաղորդում է BBC-ն:
Պաշտոնապես մեղադրանք առաջադրելու մասին հայտարարել է Նիդեռլանդների ԱԳՆ-ն:
«Ելնելով միջազգային հետաքննության եզրակացություններից՝ Նիդեռլանդներն ու Ավստրալիան այժմ վստահ են, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում «Բուկ» կայանի տեղակայման համար, որից կործանվել է MH17-ը»,- հայտարարել է Նիդեռլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ միջազգային քննչական խումբը պարզել է, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրը, որից ենթադրաբար Ուկրաինայի արևելքում կործանվել է մալայզիական ինքնաթիռը, պատկանել է ռուսական զինված ուժերին:
Փորձագետներն ուսումնասիրել են բոլոր հասանելի պատկերները և պարզել են, որ «Բուկ»-ն ունի մի շարք յուրահատկություններ: Ինչպես հայտնել է Նիդեռլանդների ներկայացուցիչն ինքնաթիռի կործանման երկրորդ հետաքննության նախնական արդյունքների ներկայացման ընթացքում, դրանց միջոցով խումբը կարողացել է ստանալ մատնահետքերը և պարզել է, որ զենիթահրթիռային համալիրը եկել է «Ռուսաստանի Դաշնության Կուրսկ քաղաքի 53-րդ զենիթային բրիգադից»:
Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող մալայզիական Boeing 777-ը կործանվել է 2014 թվականի հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի երկնքում: Ինքնաթիռում եղել է 298 մարդ, նրանք բոլորը զոհվել են: