Այսօր տեղի ունեցավ Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը: Ներկայացվեց հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը 2017 թվականի կատարած աշխատանքների մասին:
Գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց, որ հիմնադրամը հայը հային օգնելու գործիք է:
«Տարիներ ի վեր մենք բոլորս լսում ենք հետևյալ արտահայտությունը՝ Սփյուռքի գործոնը օգտագործվում է միայն որպես դրամահավաքի կազմակերպման միջոց, մինչդեռ շատ ավելի մեծ դեր պետք է ունենա Հայաստանի և Արցախի ընդհանուր կայացման համար»,-ասաց նա և նշեց, որ այս գաղափարի ջատագովն է ինքը:
«Բարեգործության ոլորտի հետ մեկտեղ կան նաև Սփյուռքի գիտական և պրոֆեսիոնալ ուժը օգտագործելու, ներդրումներ ներգրավելու, հայրենադարձություն կազմակերպելու և այլ ոլորտներ: Իմ խորին համոզմունքն է, որ անցած տարիների ընթացքում այդ նշված ոլորտներում իրականացված աշխատանքները, ցավոք, չեն ունեցել շոշափելի արդյունքներ, ինչի հետևանքով ստեղծվել կարծրատիպ, թե Սփյուռքը բարեգործության համար է: Համոզված եմ, որ այն պահից սկսած, երբ նշված բոլոր ոլորտներում իրականացվի հետևողական աշխատանք, այդպիսի կարծրատիպեր չենք ունենա»,-ասաց նա:
«Հիմնադրամը քաղաքական կառույց չէ, այն չի զբաղվում քաղաքականությամբ և չի զբաղվել երբեք»,-ասաց նա և ներկայացրեց, որ հիմնադրամին հաջողվել է ունենալ 700 000 նվիրատու, 330 միլիոնի մանր ու խոշոր ծրագրեր իրականացնել:
Նա նշեց, որ մեզնից բացի մեզ ոչ ոք չի օգնելու. «Մեր փրկության, հարատևման բանալին հենց մենք ենք»։