Հայաստանը պետք է ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից:
Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հերթական անգամ շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի:
«Շատերը պատկերացնում են, որ իմ նման հայտարարություններից հետո պետք է գնանք, խցերի դռները բացենք և բանտարկյալներին դուրս թողնենք. դա ճիշտ ճանապարհ չէ, մենք խնդիրը պետք է լուծենք օրենքով սահմանված կարգով»,- ընդգծեց վարչապետը:
Փաշինյանը վստահություն հայտնեց, որ որևէ կասկած չունի, որ առաջիկայում քաղբանտարկյալները որևէ գործիքի կիրառմամբ կհայտնվեն ազատության մեջ:
Վարչապետի պնդմամբ՝ խնդիրը փոքր-ինչ բարդ է այն գործերի հետ կապված, որոնցում կան զոհեր:
«Իսկ մյուս գործերի հարցը օր առաջ պետք է լուծվի, և բոլոր քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ»,- ասաց վարչապետը: