Քննադատները ծափողջյուններով են դիմավորել Լարս Ֆոն Թրիերի ֆիլմը Կաննի կինոփառատոնում
Քննադատները ծափողջյուններով են դիմավորել դանիացի ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերի «Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ի թղթակիցը:
Ինչպես արդեն նշել է Tert.am-ը, ավելի քան հարյուր մարդ չի կարողացել մինչև վերջ դիտել «Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը դիտողները «նողկալի», «տանջալի» և «թշվառ» են անվանել ֆիլմը՝ նշելով, որ այն «պետք չէր նկարահանել»:
«Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմը պատմում է սերիական մարդասպան Ջեքի մասին, որը ձևակերպում է իր յուրաքանչյուր հանցագործություն որպես արվեստի գործ: Ֆիլմում գլխավոր դերը կատարել է ամերիկացի դերասան Մեթ Դիլոնը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անցկացվում է Կաննի 71-րդ կինոփառատոնը: «Ոսկե արմավենու ճյուղ»-ի համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը, որն էլ բացել է փառատոնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ միասին: Ընդհանուր առմամբ, ժյուրիի կազմում ընդգրկվել է 5 կին և 4 տղամարդ՝ 5 մայրցամաքից: