Բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսին անօթևանի տեղ են դրել անգլիական Սթիվենիջ քաղաքում անցկացվող նկարահանումների ժամանակ: Այս մասին հայտնում է Digital Spy-ը:
Նշվում է, որ 80-ամյա Հոփքինսը կատարում է արքա Լիրի դերը Շեքսպիրի նույնանուն պիեսի էկրանավորման մեջ: BBC-ի համար նկարահանվող կինոտարբերակում հերոսն արդյունքում հայտնվում է փողոցում՝ հին հագուստով և հավաքած իրերով սայլակով:
Ֆիլմի ռեժիսոր Ռիչարդ Այրը վերհիշել է, որ դերասանն այնքան է մտել իր դերի մեջ, որ քաղաքի բնակչուհիներից մեկը չի ճանաչել Հոփքինսին և անօթևանի տեղ դրել նրան:
«Երբ մենք նկարահանում էինք այդ քաղաքում, կինը մոտեցել է Թոնիին և ասել. «Գիտե՞ս՝ այս ճանապարհի վրա հոսթել կա… Դու կարող ես այնտեղ գնալ քո սայլակով», - պատմել է Այրը:
Հայտնի է, որ «Լիր արքա» ֆիլմում նկարահանվել են նաև Էմմա Թոմփսոնը, Էմիլի Ուոթսոնը և Էնդրյու Սքոթը: