ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարը պետք է ազատվի Սահակ Մինասյանի բերած կադրերից. Գ. Համբարյան
Այն, որ Շիրակի պետական hամալսարանի ռեկտոր պարոն Մինասյանը հրաժարական է տվել, այստեղ 2 կարծիք չի կարող լինել:
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՇՊՀ-ից հեռացված դասախոս Գագիկ Համբարյանը՝ խոսելով ՇՊՀ-ում տեղի ունեցած վերջին գործընթացների մասին:
«Ես փաստեր էլ եմ նշել, ամպագոռգոռ հայտարարություններ չեմ արել, և եթե գիտեք՝ նախարարն էլ միամիտ մարդ չէ, որ գար ու պարոն Մինասյանին հաներ: Պարոն Մինասյանն ինքն էլ դուրս չի եկել, իրականում, ինքը վռնդվել է տարրականորեն, որովհետև 2-3 օր առաջ բարձրաձայն ասում էր, թե հրաժարական չի տալու: Իրեն երևի թե այլ տարբերակ չէին թողել, և ինքը դուրս եկավ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ռեկտորի պաշտոնակատարին՝ Երվանդ Սերոբյանին, Համբարյանը չհերքեց, որ նա նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի մերձավորներից է: Համբարյանի խոսքով՝ Սահակ Մինասյանը Երվանդ Սերոբյանին պաշտոն տալու համար նույնիսկ բուհի կանոնադրությունն է փոխել:
«Չնայած այն հանգամանքին, որ Երվանդ Սերոբյանն աշխատել է բուհում, միևնույնն է, 5 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ չունի: Հատուկ նրա համար Սահակ Մինասյանը փոխել է բուհի կանոնադրությունը, որպեսզի սկզբից նշանակի դեկան, 2 ամիս անց միանգամից դարձնի պրոռեկտոր: Երվանդ Սերոբյանը Գյումրիում բավականին հայտնի կրկնուսույց է, ֆիզիկայի լավ մասնագետ է, բայց այն, որ ակտիվորեն մասնակցել է պարոն Մինասյանի՝ իմ ու Խորիկյանի դեմ հյուսած դավերին, փաստ է: Նա նաև տխրահռչակ Էթիկայի հանձնաժողովի անդամ է եղել, ինչպես նաև շատ ակտիվորեն ԶԼՄ-ներով տարածում էր պարոն Մինասյանի ցանկացած հայտարարությունները: Սա մեզ մտահոգում է, բայց հույս ունենք, որ գործընթացը նորմալ կզարգանա»,- ասաց նա:
Գագիկ Համբարյանը հույս ունի, որ նախկին ռեկտորի կատարած հանցանքները կբացահայտվեն, ավելին՝ շեշտեց՝ եթե ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը փորձեր անի խոչընդոտելու, ապա համապատասխան պատասխան կստանա թե՛ իրենից, թե՛ Հովհաննես Խորիկյանից: Նրա կարծիքով՝ եթե Երվանդ Սերոբյանը ցանկանում է Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ինչպես նաև բուհի ուսանողներին համոզել, որ ինքն անկաշկանդ է գործելու, ապա պետք է այս ընթացքում ձևավորի հոգաբարձուների նոր խորհուրդ ու ինքը նորից ընտրվի:
«Նա պետք է ազատվի նաև պարոն Մինասյանի բերած կադրերից, օրինակ՝ քրոջ տղայից, որն աշխատում է բուհում որպես իրավաբան, սանիկից, որն աշխատում է գնումների բաժնի ղեկավար, և մյուսներից, որոնք սերտ կապեր ունեն Մինասյանի հետ և կարող են վաղը-մյուս օրը խոչընդոտել նախաքննությանը»,- շարունակեց Համբարյանը:
Հարցին՝ արդյոք իր և Հովհաննես Խորիկյանի աշխատանքային իրավունքները կվերականգնվեն, Գագիկ Համբարյանը պատասխանեց. «Դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը բացահայտ նշեց, որ կարճ ժամանակում երկու դասախոսները՝ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանն արագ վերադառնան իրենց աշխատանքին, ինչը ուսանողների կողմից ընդունվեց ծափողջյուններով: Հիմա սպասում ենք, թե ինչ ձևաչափով ենք վերադառնալու բուհ, սպասում ենք, որ արագ կլինի: Հույս ունենք, որ պրոռեկտորի պաշտոնակատարը չի փորձի երկարաձգել և ոչ էլ մեր վերադառնալու հետ կապված նախապայմաններ կներկայացնի»:
Գագիկ Համբարյանը, անդրադառնալով հարցին՝ արդյոք ռեկտորի այլ թեկնածու ունեն, ասաց, թե թեկնածուներ կան: Միևնույն ժամանակ, նա շեշտեց, որ իրենց պայքարն անձնավորված կամ էլ ինչ-որ մեկի համար չի եղել:
«Իհարկե, կան թեկնածուներ, բաց մեր պայքարը երբեք անձնավորված չի եղել, հաղթանակի բերկրանքը պետք է վայելեն բուհի բոլոր աշխատակիցները: Պարոն Մինասյանը փորձեց կեղտոտ խաղերի մեջ օգտագործել կոլեկտիվի որոշ անդամներին, բայց ի բարօրություն բոլորիս՝ խայտառակ պարտվեց: Էլի եմ կրկնում՝ ո՛չ ես, ո՛չ պարոն Խորիկյանը բուհում ոչ ոքի, այդ թվում՝ պարոն Մինասյանի հետ խնդիրներ չենք ունեցել, բայց բուհի որոշ աշխատակիցներ իրենց հակաօրինական և զրպարտչախառը գործողությունների համար պատասխան են տալու դատարանում: Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա ենք մենք բուհից ազատվել, հիմա այդ մարդիկ պետք է պատասխան տան: Էթիկայի հանձնաժողովը խայտառակություն է թե՛ իր կազմով, թե՛ իր ընդունած որոշումով»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը: