Չի կարող դա լինել, կբերի խառնաշփոթության․ Ազատ Օրդուխանյանը՝ «երկպալատ խորհրդարանական» համակարգ ստեղծելու առաջարկի մասին
Վայրկյան առաջ Սփյուռքի ներուժը հայաստանյան ներքաղաքական բոլոր զարգացումներում ներառելը չափազանց կարևոր է: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Գերմանիայում «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանը: Նա սակայն անիրականանալի համարեց Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի՝ «երկպալատ խորհրդարանական» համակարգ ստեղծելը:
«Ընտրության կազմակերպման հարցը բավականին խճճված և բարդ կլինի: Բազմաբնույթ, բազմաշերտ, տարբեր ուժեր, տարբեր շահեր, տարբեր հարաբերություններ կան, և մեկը մյուսին բացառելու խնդիր ունեն: Դրա համար չափազանց բարդ է լինելու, հատկապես որ առաջին փորձն է: Տեսականորեն գուցե ցանկալի հարց է, բայց պրակտիկորեն անլուծելի է»,- ասաց նա:
Նշենք, որ Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի՝ երկպալատ խորհրդարանական համակարգի անցում կատարելու հարցը քննարկվել է դեռևս 2011 թվականին: Երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարն այդ ժամանակ առաջ էր քաշել ՀՅԴ-ն, դրա մասին խոսել էր նաև այն ժամանակվա սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Այնուհետ «Ելք» դաշինքը խորհրդարանական ընտրություններին այս գաղափարը ներառել է իր նախընտրական ծրագրում:
Ըստ Ազատ Օրդուխանյանի՝ Սփյուռքում ընտրություններ կազմակերպելը խնդիրներ կառաջացնի հայկական շատ համայնքներում: Նա նկատեց, որ շատ տեղերում հայերը սփյուռքյան կառույցներից դուրս են, անդամ չեն, իրավունք էլ չունեն ընտրության:
«Համայնքի ձայնը ներկայացնում են միայն կառույցների անդամները, անդամավճար տվողները: Մնացած մասը մասնակից չեն դառնում գործընթացներին: Այդ դեպքում ինչպե՞ս է համայնքից ընտրվողը ներկայացնելու համայնքի մեծամասնությանը,- ասաց նա՝ նշելով, որ անգամ օնլայն քվեարկության ժամանակ հնարավոր է, որ կեղծարարություններ լինեն,- ես չեմ պատկերացնում մեխանիզմը՝ ինչպե՞ս են ցանկանում իրականացնել ընտրությունը»:
Նա նկատեց՝ իր նշած իրողություններն են, երևի թե, եղել պատճառ, որ մինչ հիմա նման համակարգի անցնել չի ստացվել: «Չի կարող դա լինել, կբերի խառնաշփոթություն»,- պնդեց նա:
Ազատ Օրդուխանյանի խոսքով՝ բազմաթիվ այլ տարբերակներ կան, որ սփյուռքը ներգրավվի Հայաստանի ներքաղաքական կյանքում: «Հայաստանյան բազմաթիվ պատվիրակություններ են գալիս, բանակցությունների գնում: Եթե նրանք հասուն լինեն և այլ երկրների հետ պայմանագրերի կնքման ժամանակ ընդգրկեն տեղի կադրերին, այդ մարդիկ կկարողանան հենց տեղից իրենց դրական օգնությունը բերել հայաստանյան զարգացումներին»,- ասաց նա:
Ազատ Օրդուխանյանն արձագանքեց նաև դիտարկումներին, թե նման համակարգ ստեղծելիս կարող է խնդիրներ առաջանան հայաստանյան ներքաղաքական կյանքում․ ըստ դրանց՝ Սփյուռքում տարբեր կառույցներ են գործում, տարբեր անձինք՝ տարբեր շահերով, գուցե լրտեսներ էլ լինեն: «Երևանում ավելի շատ լրտեսներ կարելի է գտնել, քան հայկական համայնքներում: Իհարկե, չի բացառվում, որ համայնքներում կան լրտեսներ, բայց դրա համար թող Հայաստանը հակահետախուզությունը զարգացնի և պայքարի դրա դեմ»,- ասաց նա:
Ըստ Ազատ Օրդուխանյանի՝ Հայաստանը պետք է խրախուսի սփյուռքահայերի ներգրավվածությունը տարբեր ոլորտներում: «Եթե Հայաստանը խրախուսի, շատ սփյուռքահայեր կգան և կաշխատեն Հայաստանում: Բայց հայաստանյան իշխանությունները սարսափում են այդ մտքից»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Հայաստանում իշխանափոխություն է փոխվել, ներկայիս իշխանությունները գուցե այլ կերպ աշխատեն, Ազատ Օրդուխանյանը պատասխանեց․ «Դուք ասացիք՝ իշխանափոխություն, չասացիք՝ համակարգափոխություն: Պետք է սպասենք»:
Նա նաև իր մտահոգությունն արտահայտեց նորանշանակ սփյուռքի նախարարի ապագայում գործունեության վերաբերյալ: «Պետք է տեսնենք, թե երիտասարդ կադրերը կկարողանան այդ ծանր բեռի տակից դուրս գալ: Անկախ նրանից՝ ազնիվ են, թե ազնիվ չեն: Կարծում եմ՝ 28 տարեկան երիտասարդին սփյուռքի նախարար նշանակելը ճիշտ չէր՝ անկախ նրանից, թե լավ կրթություն է ստացել, պատրաստված է Հայաստանի համար: Կարծում եմ՝ նա Սփյուռքից գլուխ չի հանի, բարդ, խառը սփյուռքյան գործընթացներից տեսականորեն պատկերացում չունի: Ես որևէ հոդված նրա հեղինակությամբ չեմ կարդացել, Սփյուռքում պրակտիկորեն չենք տեսել նրան: Նա սփյուռքյան իրականությունից դուրս կանգնած մարդ է: Նրա համար շատ դժվար կլինի աշխատել: Շատ փորձված կադրեր կային Հայաստանում, որ կարող էին նրա փոխարեն նշանակել»,- ասաց նա: