էրդողանը մեղադրել է Նեթանյահուին պաղեստինցիների դեմ հանցագործությունների համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ապարտեիդի քաղաքականություն վարելու և պաղեստինցիների դեմ հանցագործություններ անելու համար: Համապատասխան գրառում Էրդողանն արել է Twitter-ում:
«Նեթանյահուն ապարտեիդի պետության վարչապետն է, որը 60 տարվա ընթացքում, խախտելով ՄԱԿ-ի բանաձևերը, բռնազավթում է անպաշտպան մարդկանց տարածքները: Նրա մատներին պաղեստինցիների արյունն է, և նա չի կարող թաքցնել հանցագործությունները՝ հարձակվելով Թուրքիայի վրա: Ուզո՞ւմ եք մարդկայնություն սովորել: Կարդացե՛ք տասը պատվիրանները»,- գրել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Իսրայելի և մահմեդական երկրների հարաբերությունները վատթարացել են Գազայի հատվածում բռնության էսկալացիայի կապակցությամբ: Կոնֆլիկտի սրման պատճառ է դարձել ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ: