Ռուսաստանը չի լինի այն երկրների շարքում, որոնք Երուսաղեմը կճանաչեն որպես Իսրայելի մայրաքաղաք. Ալեքսանդր Մալաշենկո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես և խոստացել էր, Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք ու հենց Երուսաղեմում բացվեց ամերիկյան դեսպանատուն: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քառնեգի» մոսկովյան կենտրոնի գիտխորհրդի անդամ, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն:
«Թրամփը վճռական ու հետևողական մարդ է: Նա անցյալ տարի խոստացել էր, որ Երուսաղեմում բացելու է դեսպանատուն և արեց: Այդ ժամանակ ոչ մեկ չէր հավատում, որ Թրամփը կգնա դրան, բայց մենք դրա ականատեսը եղանք»,- նշեց Ա. Մալաշենկոն:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն առաջինն է, բայց ոչ վերջինը, որը կճանաչի Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք: «Կլինի ճանաչումների մի ալիք, որը հետո կթուլանա: Բոլորն էլ հասկանում են, որ հետ քայլի հնարավորություն չկա, որ նահանջել հնարավոր չէ՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմից էլ ոչ մի տեղ չի անհետանա»,- կանխատեսեց քաղաքագետը:
Ալեքսանդր Մալաշենկոն ասաց, որ Ռուսաստանը չի լինի այն երկրների շարքում, որը կճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք:
«Չնայած նրան, որ պաշտոնական Մոսկվան լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, Ռուսաստանը չի գնա ԱՄՆ հետքերով: Դա Ռուսաստանի համար լավագույն որոշումը չի լինի: Ռուսաստանը, հակառակը, կքննադատի ԱՄՆ-ին՝ ասելով, որ հավելյալ լարվածություն է ստեղծում այդ քայլը»,- նշեց նա:
Խոսելով Գազայում ընթացող իրադարձություններից՝ Ալեքսանդր Մալաշենկոն նշեց, որ այն միշտ էլ լարված է եղել, այդտեղ ապրել են ու ապրում են մարդիկ, ովքեր «ռադիկալ տրամադրություններ ունեն և չի լինի անսպասելին»:
Հարցին՝ ի՞նչն էր խանգարում ԱՄՆ նախորդ նախագահներին անել այն, ինչ արեց Դոնալդ Թրամփը, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Ամեն ինչ շատ պարզ է՝ փոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը: Հակամարտությունը մարգինալացվում է: Կա սիրիական հարց, քրդական հարց, իրանա-իսրայելական, իսկ պաղեստինյան հարցն այն հարցն է, որը միշտ եղել է»:
Մալաշենկոն ասաց, որ այս հարցում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումների տարբերությունն ամենևին պատճառ չէ, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն ավելի լարված դառնան:
«Պատժամիջոցները բավարար են, որ մեր հարաբերությունները վատ լինեն: Սիրական, Ուկրաինական հարցրերը միանգամայն բավարար են, որ մենք լարված լինենք ԱՄՆ-ի նկատմամբ: Այս հարցերի համատեքստում իսրայելական հարցը փոքր է, որ ավելի վնասի ՌԴ-ԱՄՆ հարաբերություններին»,- շեշտեց Ալեքսանդր Մալաշենկոն: