Արա Բաբլոյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը, ներկայացնելով ներքաղաքական զարգացումները, ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները Հայաստանում ժողովրդավարության կայացածության վկայությունն են: «Մեզ համար կարևորը մեր երկրի անվտանգությունն է և ժողովրդի բարօրությունը», - ասել է խորհրդարանի ղեկավարը:
Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն նոր էջ է բացում հարաբերությունների պատմության մեջ: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը:
Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերը ևս կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը: Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին՝ Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը կարծիք է հայտնել, որ Հայաստանում ժողովրդավարության դրսևորումները նպաստել են երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Նա հավաստիացրել է, որ իր երկիրն այսուհետ ևս կսատարի Հայաստանին իր նախաձեռնություններում: