Սանկտ Պետերբուրգի 81-ամյա բնակչուհի Օլգա Բարսեղյանին արտաքսել են Ադրբեջանից՝ հայկական ազգանվան պատճառով
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը թույլ չի տվել երկիր մուտք գործել Սանկտ Պետերբուրգի 81-ամյա բնակչուհի Օլգա Բարսեղյանին, հայտնում է «Ֆոնտանկա»-ն:
Արտաքսման հիմք է հանդիսացել նրա ազգանունը:
Օլգա Բարսեղյանը Բաքու է ժամանել մայիսի 13-ի առավոտյան: Հեյդար Ալիևի անվան օդանավակայանի սահմանային վերահսկողության ծառայության աշխատակիցներն անձնագիրն ուսումնասիրելուց հետո ուղևորուհուն մի կողմ են տարել և արտաքսման ակտ կազմել՝ որպես հիմնավորում նշելով «այլ պատճառները»:
Ժամանումից 11 ժամ անց Օլգա Բարսեղյանին նստեցրել են Մոսկվա թռչող ինքնաթիռը:
Հաղորդվում է, որ Օլգա Բարսեղյանը ծնվել է Լենինգրադում, վերապրել է շրջափակումը, Հայրենական մեծ պատերազմի վետերան է, ապրում է Սանկտ Պետերբուրգում: