Փաշինյանը համոզված է, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ
Այսօր վարչապետը շրջել է նախարարություններով և աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ նախարարներին։ Ճանապարհին Փաշինյանը պատասխանել է «Ազատության» մի քանի հարցերի, որը ներկայացնում են ստորև.
«Ազատություն». - Պարոն Վարչապետ, ի՞նչ հարցեր քննարկեցիք Վլադիմիր Պուտինի հետ փակ հանդիպման ժամանակ։
Նիկոլ Փաշինյան. - Հարցերի ամենալայն շրջանակ է քննարկվել և շատ արդյունավետ հանդիպում էր։
«Ազատություն». - Ղարաբաղյան հակամարտության թեման քննարկվե՞լ է, մասնավորապես Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու հարցը։
Նիկոլ Փաշինյան. - Ընդհանուր քննարկում է տեղի ունեցել, շատ չենք կոնկրետացել։
«Ազատություն». - Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ի՞նչ-որ հարցեր բարձրացվեցին՝ զենքի, Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ կապված։
Նիկոլ Փաշինյան. - Այո, բոլոր հնարավոր հարցերը մեզ հուզող բարձրացվել են բոլոր հանդիպումներում։
«Ազատություն». - Ինչպիսի՞ն էր նրա արձագանքը։
Նիկոլ Փաշինյան. - Լավ, նորմալ։
«Ազատություն». - Պարոն վարչապետ նշանակումների հետ կապված շատ է խոսվում, որ երիտասարդ, անփորձ կադրեր են, ինչպե՞ս կարձագանքեք։
Նիկոլ Փաշինյան. - Իմ մասին էլ էին ասում՝ անփորձ, կառավարության փորձ չունեցող։ Մենք նոր էջ ենք սկսում, նոր էջ ենք բացում մեր երկրում, կարծում եմ, որ կառավարության կազմը բալանսավորված է, և՛ փորձվածները, և՛ անփորձները նախարար լինելու մեջ են անփորձ և ոչ թե կյանքի և քաղաքական գործունեության մեջ, իսկ նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական գործունեություն է, և ես համոզված եմ, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ, եթե արդյունավետության հետ կապված խնդիրներ կծագեն առանձին նախարարների և պաշտոնյաների, այդ խնդիրներն արագ կլուծվեն, բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի։
Փաշինյանը հույս հայտնեց, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետական խմբակցությունը հավանություն կտա իր կառավարության ծրագրին և իրենք «բնականոն կաշխատեն»։ «Չպետք է որևէ մեկը քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի», - ասաց Փաշինյանը։
Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետների մասին, վարչապետն ասաց, որ հարցը դեռ կքննարկեն, սակայն կարծում է, որ ընտրություններն այս տարի կանցկացվեն։