Հզորացվում են արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունները ՀԱՊԿ շրջանակներում. ԱԻՆ
Մայիսի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում անցկացվող ուսումնամեթոդական հավաքը: Թեման է՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների աղետների կանխման և արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման հարցերում լիազոր մարմինների ստորաբաժանումների կառավարումը՝ նպատակային խնդիրները լուծելու համար»: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Հավաքին մասնակցում են պատվիրակներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարություններից և ՀԱՊԿ քարտուղարությունից:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը վերահաստատեց ԱԻ նախարարության հանձնառությունը՝ ակտիվ մասնակցություն ունենալ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կարողությունների շարունակական զարգացման և կատարելագործման գործում: Հրաչյա Ռոստոմյանը կարևորեց նմանատիպ հավաքների անցկացումը Հայաստանում, և հավաքի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, կազմակերպության գլխավոր քարտուղարի և անձամբ իր անունից, ողջունեց հավաքի մասնակիցներին՝ ընդգծելով ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ինչպես նյութատեխնիկական, այնպես էլ՝ անձնակազմի պրոֆեսիոնալիզմի շարունակական կատարելագործման և զարգացման կարևորությունը:
Ուսումնամեթոդական հավաքի ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների կանխման և հետեւանքների վերացման լիազոր մարմինների հատուկ ու մարտական պատրաստվածության կատարելագործման, ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններին և ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ համակարգի կարողություններին վերաբերող մի շարք հարցեր: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ շրջանակներում անդամ երկրների, այդ թվում՝ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների վերապատրաստման հետ կապված խնդիրներին:
Օրակարգային քննարկումներից հետո հավաքի մասնակիցներն ուղևորվեցին ՀՀ Կոտայքի մարզ՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն: Շրջայց կատարելով կենտրոնի տարածքում՝ ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները ծանոթացան Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը:
ՀԱՊԿ պատվիրակները ներկա եղան նաև «Անտառային հրդեհի մարում» թեմայով ցուցադրական վարժանքին, որին ներգրավված էին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները: Վարժանքի մասին ամբողջ տեղեկատվությունն իրական ժամանակում փոխանցվեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններին, միաժամանակ՝ նույն նպատակով կապ հաստատվեց նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հետ:
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են կազմակերպության անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար: