Սուրենավանում կարկուտից ծիրանի այգիներ են տուժել, կարկտակայանը չի աշխատել
Սուրենավանցի Գագիկ Մկրտչյանի շուրջ 25 հեկտար ծիրանի այգին երեկ մարզում տեղացած ուժեղ կարկտից գրեթե ամբողջությամբ տուժել է՝ կարկտակայանը գործարկելու համար լիցքավորման բալոնների բացակայության պատճառով: Tert.am –ի հետ զրույցում սուրենավանցին խիստ պատկերավոր ներկայացրեց վնասի չափը՝ մանրամասնելով. «Բերքը ծառի վրա է, բայց մի հատ ցոգոլի վրա, երևի, մի 25 տեղից խփած է, մի հատ առանց վերք ցոգոլ չկա»:
Սուրենավանցի ֆերմերի համար հատկապես ցավալի է այն, որ 10-15 օր առաջվանից սկսված, մտահոգ լինելով, որ կարկուտ կտեղա, գրեթե ամեն օր գյուղապետի առաջ կարկտակայանի լիցքավորման բալոնների հարց են բարձրացրել:
«Կարկտականը երկու տարի է՝ չի աշխատում, պարզվել էր, որ ինչ-որ մուծումներ չի արել (գյուղապետը), հարցերը լուծեցինք, գյուղապետն էր մուծումներ անում, ասում ենք՝ ինչ եղավ, ասում է՝ վաղը կբերեմ… 10 օր է՝ ամեն օր՝ վաղը կբերեմ, շաբաթ, էսօր կիրակի ա, մինչև որ …»,-մանրամասնեց սուրենավանցին:
Քիչ առաջ նա զանգահարել է կարկտակայանի տնօրենին, վերջինս խոստացել է ամենաուշը կես ժամվա ընթացքում գալ, բայց Գագիկ Մկրտչյանն ասում է. «Գալիս է, ինչ անի, որ գա, ես իմ ծիրանը կարա՞մ ծախեմ»:
Ինչ վերաբերում է գյուղապետին, ապա նրա հետ Գագիկը դեռ չի խոսել, քանի որ, նրա խոսքով «փախած է»:
Գագիկ Մկրտչյանն ասաց, որ այլ հատվածներում՝ դեպի Սուրենավան տանող տարածքում գտվող գյուղացիական տնտեսությունների այգիներն այդքան չեն տուժել:
Հարցին, թե վարկերո՞վ է գյուղատնտեսությամբ զբաղվում, գյուղացին ասաց. «Ամեն ինչով, վարկով և այլն, լավ գիտեք՝ հին իշխանությունից լավ բաներ չի մնացել և, այո, լրիվ վարկերով է ու մենք բանկերի ստրուկներն ենք»: