Բողոքի ակցիա Արարատի ցեմենտի գործարանի դիմաց. պահանջում են աշխատավարձի բարձրացում
Արարատի ցեմենտի գործարանում այս պահին բավականի լարված իրավիճակ է. Գործարանի շուրջ 1200 աշխատակիցներից մոտ կեսը բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց՝ պահանջելով իրենց 50-80 հազար դրամի աշխատավարձերի բարձրացում։ Նրանք նաև պահանջում են մինչև մայիսի 20–ը վճարել ապրիլի աշխատավարձերը:
Գործարանի աշխատակիցը, որը ցանկացավ անհայտ մնալ, Tert.am-ին հայտնեց, որ գործարանում աշխատավարձերը «գրում է» ոչ թե հաշվապահը, այլ արտադրամասի վարիչներից մեկը:
«Ում ինչ ուզում է, գրում է, ցեխի վարիչն ի՞նչ գործ ունի աշխատավարձ գրելու, դա հաշվապահի գործն է, ու արդյունքում ով, որ շատ է աշխատում, 50-80 հազար դրամ աշխատավարձ է ստանում»,- տեղեկացրեց գործարանի աշխատակիցը:
Նա համեմատաբար ավելի բարձր՝ 100 կամ 105 հազար դրամ աշխատավարձ է ստանում, նայած, թե արտադրամասի վարիչը որքան է «տվյալ ամսին գրել»:
Հարցին, թե նախկինում ևս իրենք պահանջել են աշխատավարձերի բարձրացում, թե՞ պահանջը, աշխատակիցն ասաց, որ մեկ անգամ ևս բողոքել են՝ 2000 դրամի բարձրացում է եղել:
Նշենք, որ գործարարնի տնօրեն Մանուկ Առաքելյանը իջել է և աշխատողներին հրավիրել է գործարանի դահլիճ՝ հարցերը քննարկելու համար: