Բրիտանական մեդիադաշտը կարգավորող Ofcom պետական ընկերությունը զուգահեռաբար յոթ հետաքննություն է նախաձեռնել Կրեմլի կողմից ֆինանսավորվող ռուսական RT հեռուստաընկերության նկատմամբ:
«Ռոյթերզ» գործակալության տվյալներով՝ Ofcom-ը փորձում է պարզել՝ արդյո՞ք ռուսական հեռուստաալիքը Սկրիպալների թունավորման դեպքի մասին պատմելիս խախտել է անաչառության սկզբունքը: Ռուս նախկին հետախույզի և նրա դստեր թունավորման համար, հիշեցնենք, բրիտանական իշխանությունները Մոսկվային են մեղադրում: Ռուսաստանի իշխանությունները, մինչդեռ, հերքում են այդ մեղադրանքները:
«Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպից ի վեր մենք տեսնում ենք, որ RT-ի հաղորդումներն ավելանում են և դրանք պահանջում են հետաքննություն՝ Ofcom-ի հեռարձակման կանոնադրության հնարավոր խախտումները պարզելու նպատակով»,- չորեքշաբթի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայում հեռուստահաղորդակցության ոլորտը վերահսկող ընկերությունը, որը դեռևս անցյալ մարտին էր նախազգուշացրել ռուսական ՀԸ-ին երկրում հեռարձակման իրավունքից զրկելու հնարավորության մասին:
Ռուսաստանի պետբյուջեից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը, որը տարբեր լեզուներով հեռարձակվում է ավելի քան 100 երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, ի պատասխան հայտարարել է, որ Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպից հետո իր խմբագրական քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել:
Ռուսաստանի արտգործնախարարությունն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ բրիտանական լրատվամիջոցները կկորցնեն Ռուսաստանում հեռարձակվելու իրավունքը, եթե Լոնդոնը հետ կանչի RT-ի արտոնագիրը: