Մոսկվայում մեկնարկել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված վեցերորդ համաժողովը, որի կազմակերպիչներն են Ռոսպոտրեբնադզորը և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը:
Համաժողովին մասնակցում են քաղաքական և հասարակական գործիչներ, գիտնականներ, բուժաշխատողներ, առողջապահության կազմակերպիչներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցում է շուրջ 3000 պատվիրակ: Պաշտոնական պատվիրակությունների թվում է նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը:
Համաժողովի նպատակն է մշակել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի լուծմանն ուղղված ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով համակարգային առաջարկություններ` միջոլորտային մոտեցմամբ:
Համաժողովի հանդիսավոր բացման ժամանակ, ողջունելով համաժողովի մասնակիցներին, փոխնախարար Սամվել Մարգարյանը նշել է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հաղթահարման ոլորտում Հայաստանը հաջողությամբ համագործակցում է Գլոբալ հիմնադրամի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հետ և Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացնում լայնածավալ ծրագիր: Նա ընդգծել է երկրների, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով համագործակցության կարևորությունը:
Համաժողովի երեք օրվա ընթացքում կանցկացվեն լիագումար նիստեր տարածաշրջանի առաջատար փորձագետների մասնակցությամբ։ Զուգահեռաբար նիստեր կընթանան «Գիտություն և բժշկություն», «Արդյունավետ կանխարգելում», «Աջակցություն միջազգային զարգացմանը», «Քաղաքացիական հասարակություն» խորագրերով։ Զեկույցներով հանդես կգան նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ս.Մարգարյանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Ս.Գրիգորյանը և բժիշկները:
Հայաստանի ներկայացուցիչները կունենան 6 զեկույց, կհամավարեն 3 զուգահեռ նիստ, կներկայացնեն 5 պաստառային ներկայացում, կմասնակցեն պանելային քննարկումների:
Համաժողովի օրերին կգործի ցուցահանդես, որտեղ կներկայացվի ՁԻԱՀ-ի կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքներն ու միջոցառումները լուսաբանող 4 պաստառ։ Համաժողովի թեզիսների ժողովածուում տպագրվել է ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետների հեղինակությամբ 13 գիտագործնական հոդված: