Բաղդադի դատարանը, ապրիլի 17-ին կայացրած վճռով, ադրբեջանցի երեք կանանց և Ղրղըզստանից մեկ կնոջ դատապարտել է մահապատժի: Վկայակոչելով Իրաքի հեռուստաընկերությանը, այս մասին հաղորդել են ռուսական պետական լրատվամիջոցները: Իսկ ըստ Ֆրանս Պրեսի՝ ադրբեջանի հինգ կին է մահապատժի դատապարտվել: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը մեկնաբանելով այդ լուրերը, այսօր ասել է, թե Իրաքում գտնվող ադրբեջանցիների ճակատագիրը Բաղդադում Ադրբեջանի դեսպանության ուշադրության կենտրոնում է:
Բաղդադի դատարանը, նույն նիստում, ռուսաստանցի երկու կնոջ դատապարտել է ցմահ ազատազրկման: Դատարանը ապացուցված է համարել, որ նրանք «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների անդամներ են: Ըտս Չեչնիայի մարդու իրավունքների խորհրդի անդամ Խեդա Սարատովայի՝ ռուսաստանցի կանայք Դաղստանից են: Նրա տեղեկություններով Բաղդադի բանտում ռուսաստանցի առնվազն 25 կանայք կան, որոնք ազատազրկման են դատապարտվել ահաբեկչական կազմավորումներին առնչություն ունենալու, երկրի պետական սահմանը անօրինական հատելու մեղադրանքներով: