Հայաստանը զբաղեցրել է 84-րդ տեղն աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում՝ միջազգային Global Firepower ընկերության համաձայն: Ռազմական պոտենցիալի հետազոտությամբ զբաղվող Global Firepower ընկերությունը վերլուծական տվյալներ է հրապարակում 2006 թվականից ի վեր։
Իրանը ցանկում զբաղեցրել է 13-րդ, Ադրբեջանը՝ 53-րդ, Վրաստանը՝ 82-րդ տեղը:
Վարկանշային ցանկը գլխավորել է ԱՄՆ-ն, իսկ երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանը: Ամենաուժեղ բանակների տասնյակում են ընդգրկվել Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Թուրքիայի և Գերմանիայի զինված ուժերը: Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկվել են 136 երկրների ուժեր:
Հետազոտության ընթացքում հաշվի է առնվել 55-ից ավելի գործոն: Ինչպես նշվում է հետազոտության մեկնաբանությունում՝ ցանկի հերթականությունը կախված է ոչ այնքան ռազմական տեխնիկայի ընդհանուր թվից, որքան երկրին հասանելի զինատեսակների բազմազանությունից:
Գնահատման ընթացքում առանցքային գործոն է մարդկային ուժի թվաքանակը, այդ պատճառով մեծ բնակչությամբ երկրները, որպես կանոն, վարկանշային ցանկի ավելի բարձր հորիզոնականներում են հայտնվում: Հաշվի են առնվել նաև երկրի աշխարհագրական դիրքը, լոգիստիկ ճկունությունը և բնական պաշարների ծավալը:
Բացի այդ, ՆԱՏՕ-ի երկրները լրացուցիչ միավորներ են ստացել դաշինքի ընդհանուր ռեսուրսներից օգտվելու հնարավորության համար:
Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսին Հայաստանը նույն ցանկում զբաղեցրել էր 93-րդ տեղը: Ադրբեջանը 58-րդն էր, Վրաստանը՝ 82-րդը, Իրանը՝ 21-րդը, Թուրքիան՝ 8-րդը։