Իտալիայում Լուիջի անունով 48-ամյա բանկիրը մոտ 3 մլրդ իտալական լիրայի չափով ժառանգություն է ստացել իր պապից, սակայն չի կարողանում ստանալ իրեն հասանելիք գումարը, քանի որ Իտալիայի կենտրոնական բանկը դադարել է փոխանակել 2012 թվականին շրջանառությունից դուրս եկած այդ արժույթը:
Լուիջիի պապիկը բավականին մեծ գումարներ է կուտակել Իտալիայում՝ աշխատելով շինարարական բիզնեսի ոլորտում: Այնուհետև նա տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ էլ անցկացրել է կյանքի վերջին տարիները: 89-ամյա տղամարդու միակ ժառանգորդը եղել է նրա թոռը՝ Լուիջին, որի ծնողները մահացել են 1993 թվականին: Նրա խոսքով՝ նա կապ է պահպանել պապի հետ ու պարբերաբար հյուրընկալել նրան Հռոմում:
Երբ Լուիջին բացել է պապիկի չհրկիզվող պահարանը, նրան 2 մլրդ 950 մլն լիրայի տեսքով անակնկալ է սպասվել, որոնք, սակայն, Իտալիայի կենտրոնական բանկը եվրոյի վերածել չի կարող:
«Չեմ կարող նկարագրել, թե որքան բարդ էր դրանք հաշվելը: Այնտեղ կար ընդհանուր 2 մլրդ 950 մլն: Այո՛, լիրա: Դրանք Իտալիա բերելու հարցում ոչ մի դժվարություն չունեցանք, քանի որ խոսքը ոչ մի արժեք չունեցող և շրջանառության մեջ չդրվող գումարների մասին է: Սակայն ես չեմ հանձնվում», - պատմել է Լուիջին:
Երբ 2002 թվականին Իտալիայի բանկն անցավ եվրոյի, քաղաքացիներին տրվեց 10 տարի ժամանակ՝ իրենց բոլոր խնայողությունները լիրայից եվրոյի վերածելու համար: Այն ժամանակ փոխանակման արժեքն էր 1936 լիրա 1 եվրոյի դիմաց: Այսպիսով՝ Լուիջիի ժառանգությունը կազմում է ավելի քան 1.5 մլն եվրո: Իրավաբաններն այժմ փորձում են շեշտը դնել այն փաստի վրա, որ Լուիջիի այս գումարները եվրոյի վերածելու ժամկետը պետք է հաշվել ոչ թե 2002-ից, այլ այն պահից, երբ նա իմացել է ժառանգություն ստանալու մասին:
«Ինչպե՞ս կարող էի ես հայտ ներկայացնել գումարների փոխանակման համար, որոնց մասին անգամ չգիտեի: Փասռք Աստծո, ես ապրում եմ ապահովված կյանքով, սակայն սա սկզբունքային հարց է. դրանք գումարներ են, որոնք վաստակել է իմ պապը, և անհեթեթություն կլինի դրանք կորցնելը: Ես գիտեմ, որ հնարավորություն կա ստանալու այդ գումարների 70 տոկոսը, և դրանց մի մասը ես նախատեսում եմ տրամադրել բարեգործությանը», - ասել է Լուիջին: