Իտալիայում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի մասնակցությամբ Հռոմում տեղի են ունեցեց մի շարք միջոցառումներ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Մարտի 19-ին Ֆրանկոֆիլմ փառատոնի շրջանակներում Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել «Thank you, հայրիկ» ֆիլմի ցուցադրությունը, որին նախորդել է դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի ողջույնի խոսքը:
Մարտի 20-ին Հռոմի Սեն Լուի ֆրանսիական ինստիտուտում անցկացվել է ‘Dis moi dix mots’ դպրոցական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Արարողությունից առաջ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել հայոց պատմությունն ու մշակույթը, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին ընդառաջ ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող այցեքարտ-ֆիլմ:
Մարտի 23-ին Իտալիայում Ֆրանսիայի դեսպանությունում՝ Ֆարնեզե պալատում, Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանների անունից Ֆրանկոֆոնիայի օրերի ավարտի առիթով կազմակերպվել է ընդունելություն, որին հրավիրված էին Իտալիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, այլ բարձրաստիճան հյուրեր: Որպես Իտալիայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նախագահ՝ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում անցկացված միջոցառումները: