Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ու անդամների ընտրության ժամանակ այսօր խորհրդարանում միջադեպ էր գրանցվել։ Քվեարկությունից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե քվեարկությունը կեղծված է, քանի որ իրենց խմբակցության 7 անդամները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանի թեկնածությանը, սակայն նա ընդամենը 2 դեմ ձայն է ստացել։ Այս հարցի, ինչպես նաև «Ելք»–ում առկա տարաձայնությունների մասին Tert.am–ը զրուցել է խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ։
– Տիկի՛ն Թանդիլյան, ըստ մամուլի՝ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «վերստին» Ազատության հրապարակ «գործուղվելու» մասին, միանշանակ չի ընդունվել ո՛չ իր շրջապատի, ո՛չ գործընկերների կողմից: Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Ազատության հրապարակ գործուղվելու հարցը քննարկել է իր ընտանիքի հետ: Դաշինքում այս թեմայի վերաբերյալ տարաձայնություններ կա՞ն:
-Դաշինքում կա առողջ քննարկում առ այն, թե արդյոք ինչպես պետք է արտահայտել դաշինքի անհամաձայնությունը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարման հեռանկարին։ Դաշինքում կա կոնսենսուս, որ երրորդ ժամկետով պաշտոնավարումը ընդունելի չէ, և մարտավարական մեթոդների արդյունավետությունն ու գործողությունների հաջողության հավանականությունն են դարձել քննարկման առարկա։ Պետք է ասեմ, որ սա ամենևին միակ և եզակի հարց չէ, որի շուրջ «Ելք» դաշինքում քննարկումներ են ծավալվել և ծավալվում, ինչը անհրաժեշտ պայման է միասնական և լավագույն լուծումը գտնելու համար։ Սա է հանդիսանում դաշինքի հաջողության գաղտնիքն է։ Առանց այս տեսակ քննարկումների դաշինքում չեն կարող ծնվել հետաքրքիր և նոր գաղափարներ, մոտեցումներ, որոշումներ։
–Այսօր ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկությունը ինչպե՞ս կբացատրեք, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իրենք բոլորը դեմ են քվեարկել, բայց Գագիկ Հարությունյանի դեմ միայն ձայն արձանագրվել:
– Թեպետ գործուղման մեջ եմ գտնվել քվեարկության ժամանակ և անձամբ չեմ մասնակցել քվեարկությանը, սակայն տեղյակ եմ, որ քվեարկությանը մասնակցած «Ելք» խմբակցության յոթ պատգամավորներն էլ դեմ են քվեարկել։
–Լենա Նազարյանն էլ հաշվիչ հանձնաժողովի անդամ է եղել և ստորագրել է արձանագրության տակ: Ինչպե՞ս կբացատրեք սա: Հարցրե՞լ եք Լենա Նազարյանին՝ ինչո՞ւ է ստորագրել արձանագրության տակ, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն անում, եթե տարաձայնություններ չկան:
–Լենա Նազարյանի պատմելով` այնտեղ ստեղծված է եղել այնպիսի իրավիճակ, որ հնարավոր չի եղել վերահսկել ընթացքը։ Լենա Նազարյանը չէր կարող միևնույն ժամանակ վերահսկել հանձնաժողովի մնացած բոլոր անդամների աշխատանքը՝ անձամբ հաշվելով այլ մասնաբաժին։ Իրողությանը առերեսվել է վերջում՝ արձանագրությունը ստորագրելիս։ Պետք է ասեմ, որ սա գնահատում եմ որպես փորձ դաշինքի մեջ սեպ խրելու՝ հաշվի առնելով դաշինքում տեղի ունեցող վերջին քննարկումները։ Սա ՀՀԿ-ական ձեռագիր է, որը չի աշխատել և չէր էլ կարող կասկած հարուցել խմբակցության պատգամավորների միջև։