Գլխավոր դատախազը կարող է այն աստիճանի փոփոխության ենթարկել դատական համակարգը, որ այն զերծ մնա նման քննադատությունից:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
Հարցին՝ ովքեր են «բռնել» դատավորների, դատախազի ձեռքերը, որոնք չեն կարողանում ընտրակեղծարարներին բռնել, Ալիկ Սարգսյանն այսպես պատասխանեց.
«Որևէ մեկը չի բռնել, պարզապես ուզում եմ՝ գիտակցենք, որ գոյություն ունի համակարգ, որի մեջ անհատ մարդիկ որոշակի դերակատարություն կարող են ունենալ, բայց ոչ այն աստիճանի, որը դուք ենթադրում եք: Այս համակարգը գործում է, մի մարմին է, մեծ օրգանիզմ է, որում մի օրգանի լավ կամ վատ աշխատելը ողջ օրգանիզմը փոխել չի կարողանա»:
Իսկ այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ի կողմից Դատական խորհրդի անդամների պաշտոնին ներկայացված թեկնածուները՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և մյուս իրավաբանները, կարող են արդյոք օգնել դատական ոլորտի առողջացմանը, պատգամավորը պատասխանեց.
«Դուք ուզում եք, որ ես հույս հայտնե՞մ, որ այս խորհրդի ստեղծմամբ դատական համակարգը լույսը բացվելուն պես 100 տոկոսով կփոխվի: Ուզում եք, որ նման միտք արտահայտե՞մ, չեմ արտահայտի»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների ընտրությունը։
Կոալիցիայի մաս կազմող խմբակցությունները՝ «ՀՀԿ»-ն ու «ՀՅԴ»-ն առաջադրել են ԲԴԽ-ում իրենց թեկնածուներին, որոնք են՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյանը և Փաստաբանական դպրոցի դասախոս,
Հայաստանի Հաշտարարների Ինքնակարգավորվող Կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը։
Քվեարկությունը ընթանում է փակ, գաղտնի ռեժիմով: