Բարձրագույն դատական խորհուրդն էականորեն բարձրացնելու է դատավորների ներքին անկախությունը: Խոսքը թե՛ դատարանի, թե ավելի բարձր ատյանների մասին է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը:
«Համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատված հետո այն վերաբերմունքը, որը կա, փոխվելու է: Համակարծիք չեմ այն բացարձակ դիտարկմանը, թե մեր արդարադատության համակարգը շատ վատն է: Մենք ունենք փայլուն դատավորներ՝ միջազգային մակարդակի դատավորներ, որոնք լեզուներ գիտեն, տիրապետում են միջազգային իրավունքին, եվրոպական ստանդարտներին: Վստահ եմ, որ դատավորների ընտրության համակարգի փոփոխությունն իր արդյունքները շատ արագ տալու է»,-նշեց Հրայր Թովմասյանը:
Պատգամավորի խոսքով՝ խնդրին համապարփակ լուծում տալու համար պետք է սկսել իրավաբանական կրթությունից:
«Տրվում է ինֆորմացիա, ինֆորմացիան վերարտադրվում է դասախոսի մոտ, և սա համարվում է տիրապետել առարկային: Մենք սրանից պետք է հրաժարվենք: Ժամանակն է, որ մտածող իրավաբաններ ունենանք: Միգուցե իրավաբանի նկատմամբ պատկերացումը պետք է փոխվի: Մեզ մոտ կա այն ընկալումը, որ լավ իրավաբան է նա, ով շատ օրենքներ գիտի, գիտի, թե որ օրենքում ինչ է գրված, այնինչ լավ իրավաբանը իրավունքի ընկալմամբ է տարբերվում: Սա մի խնդիր է, որը վերաբերում է իրավաբանական կրթություն պահանջող բոլոր մասնագիտություններին»,- մանրամասնեց նա:
Հրայր Թովմասյանը նշեց, որ 2019թ.-ից ուժի մեջ է մտնում Դատական օրենսգրքի այն դրույթը, համաձայն որի՝ դատավորի հավակնորդը պետք է տիրապետի առնվազն 2 օտար լեզվի, ինչը հնարավորություն կտա քաջատեղյակ լինել միջազգային ստանդարտներից:
Նշենք, որ քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների ընտրությունը։
Կոալիցիայի մաս կազմող խմբակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջադրել են ԲԴԽ-ում իրենց թեկնածուներին՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյանը և Փաստաբանական դպրոցի դասախոս, Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը։
Քվեարկությունն ընթանում է փակ, գաղտնի ռեժիմով:
Մանրամասները՝ տեսանյութում։