ԱԺ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի պաշտոնում առաջադրված Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությանը, որին առաջադրել է իշխանական կոալիցիան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը նշեց, որ մնացած 4 թեկնածուների ընտրությունը խմբակցությունում թողնվել է ազատ: «Տարբեր տեսակետներ կային, որոշեցինք ազատ քվեարկել, կարող են և՛ կողմ քվեարկել, և՛ դեմ»,- նշեց Ն. Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով՝ դատական համակարգի խնդիրն այն է, որ օրինակ՝ դատավճիռ կայացնելիս այդ վճիռը համապատասխանում է բոլոր ընթացակարգերին, բայց ոչ ճշմարտությանը:
«Ասում են՝ սահմանադրական պարտականություններ: Պետք է դատավորի թեկնածու առաջադրել, որ նախագահը նշանակի, է կառաջադրեն, ի՞նչ խնդիր է, պետք է գործի գնա-գա, կարծիք հայտնի, քննարկի, բայց ճշմարտությունը որտե՞ղ է: Եթե Գագիկ Հարությունյանն ասում է, թե Հայաստանում նախագահական ընտրությունները չեն կեղծվել, դա ճշմարտությանը համապատասխա՞ն է, գուցե բոլոր օրենքներով, ընթացակարգերով աշխատել են վճռի վրա, համապատասխանել է, բայց…»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին էլ ՍԴ նախագահն ասել է, թե ընթացակարգի համապատասխան՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, այնինչ դա ճշմարտությանը չի համապատասխանում:
«Մեջբերում կա՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրվելու: Ինձ հետաքրքիր է՝ սա պաշտոնական հայտարարությո՞ւն է, թե ոչ: Երիտասարդ թեկնածուներից մեկն ասում է՝ այդ հարցին չեմ պատասխանի, բայց ինչո՞ւ, պարզ ճշմարտություն է: Հայտնի մուլտֆիլմ կա՝ «Козленок, который не умеет считать до десяти». հիմա, ցավոք, տվյալ դեպքում մեր թեկնածուները մինչև տասը չեն կարողանում հաշվել»,- ասաց պատգամավորը: