Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերում երկու արծաթե մեդալ նվաճած գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևայի հայրը` Արման Բաբասյանը «Московский комсомолец»-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչու է դուստրը փոխել հայկական ազգանունը:
Հայտնի է, որ 18-ամյա մարզուհու մայրը` Ժաննա Դեվյատովան նախկին գեղասահորդուհի է, իսկ հայրը` գործարար:
Որոշ ժամանակ Եվգենիան կրել է հոր ազգանունը, սակայն հետո դարձել է Մեդվեդևա` վերցնելով տատիկի օրիորդական ազգանունը:
«Եվգենիան ազգանունը փոխել է բացառապես իմ համաձայնությամբ, և այդ պահին դա շատ ճիշտ որոշում էր: Ինչ-որ պատճառներ կամ սարսափելի պատմություններ փնտրելն անիմաստ է: Դրանք պարզապես չկան: Հուսով եմ` մեկընդմիշտ կարողացա վերջ դնել այս թեմային:
Ժաննայի հետ մենք բաժանվել ենք, բայց կարողացել ենք պահպանել ջերմ, ընկերական հարաբերությունները: Որպես Ժենյայի ծնողներ` մենք մշտապես շփվել ենք և շփվում ենք մինչև հիմա»,- ասել է Արման Բաբասյանը:
Արման Բաբասյանը նաև հայտնել է, որ աղջիկը 3 տարեկանից սկսել է զբաղվել գեղասահքով, և ինքը միանգամայն կողմ է եղել այդ որոշմանը: