Ռուսաստանի ու Արգենտինայի հատուկ ծառայությունները կանխել են 389 կգ կոկաինի տեղափոխումը Մոսկվա։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչին։ Նախարարն ասել է, որ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին, սակայն այդ մասին իրենք հայտնում են միայն այժմ։
2016 թվականին Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատունը երկրի անվտանգության նախարարությանը հայտնել էր, որ դեսպանատան շենքերից մեկում հայտնաբերվել է 389 կիլոգրամ կոկաին: Ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում՝ արգենտինական ոստիկանության աշխատակից և ռուսաստանցի:
Նախարարի խոսքով՝ 2016 թվականի դեկտեմբերին դեսպանատունը դիմել է իրավապահ մարմիններին շենքերից մեկում կոկաինով մի քանի ճամպրուկ հայտնաբերելու հարցով: Ռուսաստանի և Արգենտինայի հատուկ ծառայությունների համատեղ հատուկ գործողության ընթացքում թմրանյութերը փոխարինվել են ալյուրով, իսկ ճամպրուկներում GPS-թրեքերներ են տեղադրվել:
«Ռուսաստան թմրանյութերը չեն հասել, այնտեղ ուղարկվել է ալյուր»,- ասել է Բուլրիչը:
Ոստիկանության տվյալներով՝ թմրանյութերը պատրաստվում էին ուղարկել Ռուսաստան դիվանագիտական փոստով: «Սև շուկայում» դրանց արժեքը կազմում է մոտ 50 միլիոն եվրո: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ նարկոթրաֆիկին ներգրավված են եղել դեսպանատան նախկին հաշվապահը և ՌԴ ևս մի քանի քաղաքացի: