ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու «Ելքի» առաջարկին:
Նախագծով ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը «Մարտի 1-ի» իրադարձությունների տասներորդ տարելիցին ընդառաջ խորհրդարանին առաջարկում է խստորեն դատապարտել «2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը»։
«Ելքը» նախագծով նաև առաջարկում է իրավապահ մարմիններից պահանջել սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին, անմիջական կատարողներին։
Որպես հայտարարության ընդունման հիմնավորում՝ «Ելքը» նշում է, որ 10 սպանությունների կազմակերպիչները և անմիջական կատարողները մինչև օրս պատասխանատվության չեն կանչվել, զոհերի հարազատներին, ինչպես նաև ապօրինի ուժի գործադրման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացածներին արդարացի փոխհատուցում չի տրվել: