Եթե քաղաքային իշխանությունները որոշեն երկաթյա վարագույր իջեցնել լրագրողների առջև, ապա Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը կընդդիմանա այդ որոշմանը՝ չբացառելով պայքարի որևիցե ձև։ Այդ մասին «Ազատություն» հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ իրենց համար անընդունելի է քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանի երեկվա հայտարարությունը։
«Դա ենթադրում է ակցիաներ, դա ենթադրում է իրավական գործընթացներ տարբեր կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների օգնությանն ու գնահատականին դիմելը։ Մենք չենք բացառում պայքարի որևիցե ձև, որովհետև սա շատ կարևոր և շատ ամոթալի բան է», - ասաց Սիմոնյանը՝ շարունակելով. - «Ինչի՞ց սկսեց այս ամենը, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը որոշեց ակցի իրականացնել ավագանու նիստերի դահլիճում։ Սա անհամաչափ պատասխան է, որը մեր կողմից միանշանակ անընդունելի է լինելու»։
Հիշեցնենք, Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը վերածվեց ծեծկռտուքի, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:
Ոստիկանությունը տեղի ունեցած միջադեպով քրեական գործ հարուցեց 2 հոդվածով՝ ծեծ և խուլիգանություն:
Միջադեպից օրեր անց քաղաքապետարանում խոչընդոտեցին «Ազատության» և «Ա1+»-ի լրագրողների աշխատանքը՝ պնդելով, թե կարգ է խախտվել:
Ավելի ուշ քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, տեղեկացնելով, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրավաբանական ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություններին, ինչպես նաև իր օգնականին հանձնարարել է առաջարկություն ներկայացնել՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ:
Լրագրողական մի շարք ազմակերպություններ համատեղ հայտարարություն տարածեցին՝ իրավապահներից պահանջելով քրեական գործ հարուցել նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հոդվածով:
Երեկ Արթուր Գևորգյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ ավագանու հաջորդ նիստին ու դրանից հետո ևս լրագրողներն իրավունք չեն ունենա ներկա գտնվել ու աշխատել նիստերի դահլիճում։ Ըստ նրա, ավագանու նիստերը լուսաբանող լրագրողներին կտրամադրվի առանձին տարածք քաղաքապետարանի առաջին հարկում, որտեղ կլինի նաև ուղիղ հեռարձակում, ինտերնետից օգտվելու հնարավորություն։