Չի կարող «Աշտարակ-Կաթ» ընկերությունը 2 տարի շարունակ 400 խանութի բարեգործություն արած լինի, նման բան ուղղակի չի կարող լինել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Աշտարակ-Կաթ» ընկերության գործունեությունից տուժած տնտեսվարող Նունե Վանեցյանը:
««Աշտարակ կաթը» ինձանից 3.6 մլն դրամ է պահանջում, թե երկու տարի շարունակ կաթնամթերք են առաքել, և ես դրա գումարը չեմ տվել: Այդպիսի բան չի կարող լինել, որ անընդհատ առանց գումարը վճարելու բերեն բարեգործություն անեն, բերեն անընդհատ կաթնամթերքը տան, ասեն՝ փող պետք չէ»,- ասաց տնտեսվարողը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց մի խումբ տնտեսվարողներ բողոքի ակցիա են իրականացնում։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ տուժել են «Աշտարակ-Կաթ» ընկերության գործունեությունից։
Նունե Վանեցյանը նշում է, որ իր նման ևս 400 տնտեսվարողներ կան, ովքեր «Աշտարակ-Կաթ» ընկերությանը մատակարարած կաթնամթերքի համար վճարել են, բայց անդորրագրեր չեն ստացել: Տնտեսվարողի խոսքով՝ այժմ սնանկ ճանաչված ընկերությունը մանրածախ առևտրով զբաղվողներից պահանջում է առաքված ապրանքների իբր չվճարված գումարները:
Մեկ այլ տնտեսվարող Էդուարդ Կոշտոյանն էլ հայտարարեց, որ ընկերությունը 2 մլն դրամ է պահանջում 1.5 տարի առաքված կաթնամթերքի գումարները չվճարելու համար:
«Բոլոր տնտեսվարողները վճարել են գումարները, ինչը հաստատում են նաև բոլոր առաքիչները, որոնք մեզ կաթնամթերք են մատակարարել: Նրանք գումարը տարել են, մուտք են արել ընկերության հաշվապահություն, որ հետո մեզ պետք է բերեին վճարման անդորրագրերը, բայց ոչ մեկիս չեն բերել»,- հայտնեց նա:
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողները կառավարության աշխատակազմին նամակ հանձնեցին՝ պահանջելով վերահսկողության տակ վերցնել «Աշտարակ կաթ»-ից տուժած տնտեսվարողներին վերաբերող խնդիրը և հնարավորինս արագ լուծում տալ դրան:
Հիշեցնենք, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2016թ. վճռով «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել: Շուկայում գերիշխող դիրք ունեցող խոշոր արտադրողը պարտքեր է կուտակել ինչպես պետության, այնպես էլ աշխատողների և կաթ մատակարարող գյուղացիների նկատմամբ: Այժմ «Աշտարակ-Կաթի» սեփականատերն է «Պարգև» ՓԲԸ-ն: