Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) ամենամյա զեկույցում այս տարի Թուրքիային նվիրված բաժնում տեղ է գտել տարածքի ժողովուրդների՝ վերացման վտանգի տակ գտնվող լեզուների մի ամբողջ շարք: Անհետացման վտանգի տակ է նաև Համշենի հայկական բարբառը: Ցուցակում տեղ են գտել աբխազերենը, լազերենը, չերքեզերենը, պոնտական հունարենը, գնչուների կողմից կիրառվող ռոմաներենը՝ ընդհանուր 15 լեզու:
Առավել լուրջ վտանգի տակ են հատկապես Մարդինի ասորիների (սըրյանի) ասորերենի բարբառն ու գագաուզերենը:
Բացի այդ, այստեղ ժամանակին խոսված լեզուներից 3-ն իսպառ ու վերջնականապես վերացել են: Դրանք են՝ Կովկասյան լեզվաընտանիքից ուբիխերենը, Կապադովկիայի հունարենի բարբառն ու Սիրիայի հյուսիսում և Թուրքիայի հարավ-արևելքում հիմնականում ասորիների կողմից կիրառված «թուրոյո» բարբառախմբից մլախսոն:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում ընդգծվում է, որ աշխարհի բնակչության շուրջ 40 տոկոսը զրկված է մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունից: Ըստ կառույցի՝ աշխարհում ներկայում խոսվում է շուրջ 6000 լեզվով, դրանցից 2500-ը գտնվում են անհետացման եզրին:
Թուրքիան Նեպալի, Պակիստանի, Բանգլադեշի, Գվատեմալայի ու մի շարք այլ երկրների հետ հայտնվել է երկրների ցուցակում, որոնք չնայած իրենց տարածքում բազմաթիվ լեզուների առկայությանը՝ պետական կրթական ծրագրով դասավանդում են միայն մեկ լեզու: