Forbes ամսագրի ռուսական ծառայության կազմած «Պետպատվերի արքաները» 2018 թվականի վարկանշային ցանկից դուրս է մնացել նախորդ տարվա ցանկից տասը մասնակից, հայտնում է Forbes-ը:
Ցանկից դուրս մնացածների թվում է նաև ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «Բալտտրանսսերվիս» ընկերությունը: Ռուբեն Վարդանյանը 950 միլիոն դոլար կարողությամբ զբաղեցնում է «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» ցանկի 99-րդ տեղը:
Վարկանշային ցանկից դուրս է մնացել անցած տարվա առաջատար «Պետոն» ընկերությունը, ինչպես նաև հայտնի ռուս գործարարներ Վլադիմիր Լեսինի, Վադիմ Յակունինի ընկերությունները: Ցանկից դուրս է մնացել նաև Սերգեյ Համբարձումյանը, որին պատկանում է Մոսկվայում ամենախոշոր շինարարական կազմակերպություններից մեկի՝ «Մոնարխ» կոնցեռնի 99,4 տոկոսը: Անցած տարվա վարկանշային ցանկում նրա հիմնական պատվիրատուների թվում էին նշվում Մոսկվայի կառավարական մարմինները և Դաշնային հարկային ծառայությունը, իսկ պետպատվերների արժեքը կազմում էր 22,9 միլիարդ ռուբլի:
Անցած տարվա վարկանշային ցանկում, որտեղ Ռուբեն Վարդանյանը 9-րդ հորիզոնականում էր, նշվում է, որ «Բալտտրանսսերվիս»-ի հիմնական պատվիրատուն «Ռոսնեֆտ»-ն էր: Ընկերության պետպատվերների արժեքը կազմել է 57,4 միլիարդ ռուբլի:
Ռուբեն Վարդանյանի և «Տրոյկա դիալոգ»-ում նրա նախկին գործընկեր Միխայիլ Բրոյտմանի ներդրումային ընկերությունը ձեռք է բերել «Բալտտրանսսերվիս» երկաթուղային օպերատորի բաժնետոմսերի 40 տոկոսը 2015 թվականին: Այն Ռուսաստանում հեղուկ բեռների ամենախոշոր փոխադրողներից մեկն է, իսկ «Ռոսնեֆտ»-ը՝ նրա միակ խոշոր պետական պատվիրատուն: Անցած տարի նշվում էր, որ մինչև 2021 թվականը «Բալտտրանսսերվիս»-ը փոխադրելու է «Ռոսնեֆտ»-ի ձեռնարկությունների՝ 143 միլիարդ ռուբլու բեռներ: