Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողներն ԱՄՆ-ում կացության իրավունք են ստացել: Հայտնի է, որ 47-ամյա նախկին մոդելը ծագումով Սլովենիայից է: Նրա ծնողները՝ Վիկտոր և Ամալիա Կնաուսները, «գրին քարտ» են ստացել՝ ինքնըստինքյան ստանալով Միացյալ Նահանգների մշտական բնակիչների կարգավիճակ:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին հայտարարել է զույգի իրավաբան Մայքլ Ուիլդսը՝ հրաժարվելով այլ մանրամասներ ներկայացնել:
Հայտնի է, որ նախագահի զոքանչի ու աներոջ «գրին քարտ» ստանալու լուրը քննադատության մեծ ալիք է բարձրացրել: Պատճառն այն է, որ Թրամփը, որը հայտնի է ներգաղթյալների նկատմամբ շատ խիստ մոտեցմամբ, բազմիցս քննադատել է գործող օրենքը, համաձայն որի՝ օրինական ներգաղթյալներն իրավունք ունեն Միացյալ Նահանգներ բերել իրենց մտերիմ ազգականներին:
Թրամփի կարծիքով՝ գործող օրենքները հանգեցնում են անվերահսկելի «շղթայական ներգաղթի»:
Հիշեցնենք, որ Մելանյա Թրամփը Միացյալ Նահանգների պատմության մեջ արտասահմանում ծնված 2-րդ առաջին տիկինն է: Նշվում է, որ սլովենուհին ԱՄՆ քաղաքացիություն է ստացել Թրամփի հետ ամուսնությունից հետո: