ՀՀ կառավարության նիստը մեկնարկեց հարկային ստվերի ռիսկերի և ոլորտի այլ խնդիրների վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով:
«2017 թվականին պետական բյուջեի եկամուտները 2016-ի համեմատ աճել են շուրջ 125 մլրդ դրամով: Չնայած նշված ցուցանիշին՝ պետք է արձանագրել, որ դեռևս առկա են խնդիրներ՝ հարկային ստվերի նվազեցման հետ կապված: Խնդիրներ կան օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով հարկերի վճարումից խուսափելու, արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակեցման և նպատակային օգտագործման հարցերում»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքով՝ նշվածի կապակցությամբ ՊԵԿ-ի կողմից վերջերս կազմակերպվել են թվով 18 ոլորտների ավելի քան 500 հարկ վճարողների հետ հանդիպումներ, և կատարվել են ուսումնասիրություններ:
Կարեն Կարապետյանը նշեց, որ արդյունքում արձանագրված խնդիրների լուծումները, այդ թվում նաև՝ հարկային ստվերին վերաբերող խնդիրները գտնվում են մի շարք այլ գործադիր մարմինների իրավասությունների տիրույթում:
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ հաձնարարում եմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին յոթօրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրներն ըստ ոլորտների փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկները»,-ասաց վարչապետը: