Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կրկին գրավոր հարցում է հղել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ պահանջելով պատասխանել Պոլսո Հայոց պատրիարքի ազատ ընտրություններին խոչընդոտող իշխանության որոշման հետ կապված մի շարք հարցերի:
Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, Փայլանն իր գրավոր հարցման մեջ հիշեցրել է, որ դեռևս 2017 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էր, որ ընտրությունների կազմակերպումը հնարավոր կդառնա ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեից հետո:
«Այդ խոստումից ի վեր ի՞նչ է փոխվել»,- իր նամակում հարց է հղում հայազգի պատգամավորը:
Փայլանը խնդրել է ներկայացնել այն օրինական հիմքերը, որոնցով իշխանությունները բացեիբաց միջամտում են պատրիարքական ընտրության գործընթացին:
«Պատրիարք Մութաֆյանի կոման կարող է տևել երկար տարիներ: Դուք ասելով, թե մինչ պատրիարքի մահը նոր պատրիարք ընտրվել չի կարող, պնդում եք, որ համայնքն անորոշ ժամանակով մինչ Մութաֆյանի մահը պետք է բավարարվի ձեր կողմից նշանակված վերահսկիչո՞վ», - նշել է Փայլանը:
Հայազգի պատգամավորը նաև քննադատել է Ստամբուլի փոխնահանգապետի՝ Գարեգին Բեկչյանի հանդեպ «այսպես կոչված՝ պատրիարքի տեղապահ» արտահայտության կիրառումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլի նահանգապետարանի հրավիրած արտահերթ ժողովում պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների և հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայությամբ պաշտոնապես հայտարարվել էր, որ ավելի քան 9 տարի կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կենդանության օրոք որևէ նոր ընտրության հայ համայնքին գնալ չի թույլատրվի և որ պետությունը հավատարիմ է մնալու իր՝ 2010 թվականին Նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշյանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը: