ՀՅ Դաշնակցության Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը հայտարարում է, որ Ադրբեջանի՝ Ինտերպոլին ներկայացրած դիմումը գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ձերբակալման վերաբերյալ լիովին զուրկ է որևէ իրավական հիմքից և ինքնաբերաբար դատապարտված է Ինտերպոլի կողմից մերժման:
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը շեշտում է, որ Ինտերպոլն անցյալում արդեն իսկ մերժել է Ադրբեջանի նմանատիպ դիմումները, որոնք «զուտ քաղաքական բնույթ ունեն և պարզապես ապարդյուն փորձեր են՝ միջազգային հանրությանը պարտադրելու Ալիևի բռնակալ վարչակարգի կամքը»:
«Ադրբեջանի նույնանման հուսահատ քայլերի առաջին նպատակն է մամուլում էժանագին աղմուկ բարձրացնել և ընդհանրապես վախի մթնոլորտ առաջացնել: Այս օրերին, երբ Եվրախորհրդարանում նշվելու է Արցախյան շարժման 30-ամյակը, Ադրբեջանը փորձում է նման հերյուրանքներով եվրոպական հասարակության ուշադրությունը շեղել», - ասված է հաղորդագրությունում:
«Նմանատիպ անհեթեթ նախաձեռնությունները կարող են միայն ապացուցել Ադրբեջանի իշխանության հուսահատ քայլերը: Պե՞տք է արդյոք հիշեցնել Ալիևին, թե ինչ արագությամբ մերժվեց վերջինիս Ինտերպոլին ուղարկած թղթածրարը, որը բողոքում էր Եվրախորհրդարանի երեք պատգամավորների Արցախ այցելության դեմ»», - հայտարարել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանության այս քայլը որևէ իրավական հիմք չունի, և հստակ է, որ յուրաքանչյուր եվրոպացի քաղաքացի, անհատ, լրագրող կամ քաղաքական գործիչ, որ ցանկանում է Լեռնային Ղարաբաղ այցելել՝ իրավիճակին տեղեկանալու նպատակով, այդ իրավունքը ունի:
«Ավելին, Եվրամիությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպան կառույց և իբրև համաշխարհային ազդեցություն ունեցող «փափուկ ուժ», հաստատում է, որ իր ներկայացուցիչները իրավունք ունեն այցելել Արցախ առանց պայմանականությունների», - շեշտել է Կարապետյանը՝ Ադրբեջանի իշխանությանը խորհուրդ տալով, որ «փոխանակ իր ժամանակը սպառելու այսպիսի ապարդյուն նախաձեռնություններով, զբաղվի իր երկրում մարդու իրավունքների խախտումները լուծելով»:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի»՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ, նշելով, թե նա «այցելել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ կոչեր է հնչեցրել», ինչի համար «2018 թվականի փետրվարին ներգրավվել է որպես մեղադրյալ Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով»: