ՀՀ կառավարության շենքի դիմաց այս պահին մի խումբ տնտեսվարողներ բողոքի ակցիա են իրականացնում։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ տուժել են «Աշտարակ-Կաթ» ընկերության գործունեությունից և շուտով հանդես են գալու հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2016թ. վճռով «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել. խոշոր արտադրողը պարտքեր է կուտակել ինչպես պետության, այնպես էլ աշխատողների և կաթ մատակարարող գյուղացիների նկատմամբ: Այժմ «Աշտարակ կաթի» սեփականատերն է «Պարգև» ՓԲԸ-ն:
Հիշեցնենք նաև , որ ավելի վաղ հրավիրված մամուլի ասուլիսում տնտեսվարողներ Էդուարդ Կոշտոյանը և Լուսյա Հարությունյանը հայտարարել են, որ մեծ գումարների մասին է խոսքը՝ 200 հազարից մինչև 5 մլն դրամ, ընդ որում, այդ գումարներն արդեն բազմապատկվել են:
Մասնավորապես՝ տնտեսվարող Էդուարդ Կոշտոյանը, ըստ «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի՝ 2 մլն է կուտակել, իսկ Լուսյա Հարությունյանը՝ 43 հազար դրամ: Ընկերությունը նրանց նման ևս 238 տնտեսվարողներից է գումարներ պահանջել:
«Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն էլ հայտարարել էր, որ «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ում գործել է հանցավոր խումբ. խաբեությամբ փորձ է արվում 240 մանրածախ տնտեսվարողների շորթման ենթարկել: