«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խաղերում 21 հարվածներից 20-ը հետ է մղել (95,2%):
Սա լավագույն արդյունքն է մրցաշարի ընթացքում մեկից ավելի խաղ անցկացրած դարպասապահների շրջանում:
Հետ մղած հարվածների տոկոսային հարաբերությամբ երկրորդ տեղում է «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը (87,5%), իսկ երրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնն է (79,2%):
Նշենք` Դե Խեայի դարպասը միակ գոլն ուղարկել է ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Կոնստանտին Կուչաևը:
«Սևիլիայի» հետ խաղում, որն ավարտվել է 0-0 հաշվով, Դե Խեան 8 հարված է հետ մղել: «InStat»-ի տեղեկություններով, իսպանացու կարիերայի ընթացքում սա ընդամենը երկրորդ դեպքն է, երբ դարպասին ուղղված 8 հարվածներից հետո ինքը գոլ չի ընդունել սեփական դարպասը:
Առաջին նման դեպքը գրանցվել է 2014 թվականի դեկտեմբերի 14-ին` «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ի խաղում: Այդ ժամանակ Դե Խեան 9 հարված է հետ մղել, իսկ ՄՅՈւ-ն հաղթել է 3:0 հաշվով:
Նշենք նաև, որ Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Յարոսլավ Ռակիցկին դարձել է «Ռոմայի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստը:
Ռակիցկին տոկոսային հարաբերությամբ լավագույն արդյունքն է ցույց տվել մենապայքարներում հաղթելու տեսանկյունից (83,3%) և բոլորից շատն է ճշգրիտ երկար փոխանցում կատարել (6. դրանցից մեկն էլ գոլային է դարձել):