«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» Եվրոպայի հայ Դատի գրասենյակը հայտարարում է, որ Ադրբեջանի՝ Ինտերպոլին ներկայացրած դիմումը՝ գրասենյակի նախագահ Գասպար Կարամպետյանի ձերբակալման մասին, լիովին զուրկ է որևէ իրավական հիմքից և ինքնաբերաբար մերժվելու է Ինտերպոլի կողմից:
Հաղորդագրության մեջ ներկայացված է, որ Ինտերպոլը նախկինում արդեն մերժել է Ադրբեջանի նմանատիպ դիմումները, որոնք զուտ քաղաքական բնույթ ունեն և ապարդյուն փորձեր են Ալիևի բռնակալ վարչակարգը միջազգային հանրությանը պարտադրելու:
Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի նույնանման հուսահատ քայլերի առաջին նպատակն է մամուլի մեջ էժան աղմուկ բարձրացնել և ընդհանրապես վախի մթնոլորտ առաջացնել: Այս օրերին, երբ Եվրախորհրդարանում պետք է նշվի Արցախյան շարժման 30-ամյակը, փորձ է արվում նման հերյուրանքներով եվրոպական հասարակության ուշադրությունը շեղել:
Իսկ Գասպար Կարամպետյանն այս առիթով ասել է. «Անհեթեթ նախաձեռնություն է, որը Ադրբեջանի հուսահատ քայլերն է բնորոշում միայն»: Գասպար Կարամպետյանը հիշեցրել է նաև, որ Ինտերպոլին ուղարկված դիմումը՝ Արցախ այցելած Եվրախորհրդի 3 պատգամավորների դեմ, ևս մերժվել է, և յուրաքանչյուրն ազատ է Արցախ այցելել, երբ կկամենա:
Վերջում նա Ալիևին խորհուրդ է տալիս նման անհեթեթ քայլերի փոխարեն ժամանակ հատկացնել ու լուծել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների խնդիրը: