«Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ հասցրել են մի քանի անգամ հայտարարել, որ միջազգային հանրությունը համարժեք չի արձագանքել Երևանի նկատմամբ Ալիևի հավակնություններին, որ նա բարձրաձայնել էր «Յենի Ազերբայջան» կուսակցության համագումարում: Իհարկե, ավելի ուշ ադրբեջանցիները խմբագրեցին իրենց նախագահի հայտարարությունները՝ ասելով, թե նա ոչ թե «պատմական տարածքները վերադարձնելու» մասին է խոսել, այլ՝ «պատմական տարածքներ ադրբեջանցիների վերադարձի»:
Սակայն բոլոր դեպքերում խոսքը միջազգային իրավունքի մի սուբյեկտի մեկ այլ սուբյեկտի հանդեպ ագրեսիվ բովանդակությամբ հայտարարության մասին է, որն անկասկած ունի հասցեական արձագանքի կարիք: Մյուս կողմից՝ դարձյալ պետք է գալ թերևս համաշխարհային քաղաքականության աքսիոմատիկ ճշմարտություններից մեկին, որը, սակայն, Հայաստանի հանրության և հատկապես իշխանության դեպքում, կարծես թե, այդքան էլ լիարժեք գիտակցված չէ:
Համաշխարհային քաղաքականության մեջ արձագանքները ձևակերպվում են իրական շահերի վրա, իսկ միջազգային իրավունքի նորմերը դրանց սպասարկող գործիքներ են, ոչ թե հակառակը: Ըստ այդմ՝ որևէ հարցում միջազգային հանրությունից համարժեք արձագանք ակնկալելու մասով Հայաստանը, իհարկե, ազատ է միշտ, սակայն եթե ակնկալիքը գործնական է, ապա այստեղ, իհարկե, հարկավոր է ոչ թե ակնկալել, սպասել, այլ ձևավորել միջազգային հանրության վերաբերմունք: Իսկ միջազգային հանրության վերաբերմունք ձևավորում են ամեն օր, ամեն ժամ, պետականաշինության աշխատանքով, պետական որակներով, արդիականությամբ, քաղաքակրթությամբ: Այլ կերպ ասած՝ միջազգային հանրության վերաբերմունքը ուղիղ համեմատական է հայկական պետականության որակներին, ուղղակիորեն կախված է այն բանից, թե ինչպիսի մասնակից է Հայաստանը իբրև համաշխարհային կյանքի սուբյեկտ:
Կասկած չկա, որ եթե Ալիևը, օրինակ, հայտարարի նույնը եվրոպական որևէ մայրաքաղաքի մասով, եվրոպացիների արձագանքը կլինի շատ կոշտ և հասցեական: Տեսականում անարդար է, որ Երևանի դեպքում չկա այդպիսի վերաբերմունք: Եվ այստեղ, իհարկե, միայն արդարությունը չէ խնդիրը, այլ պրակտիկ քաղաքականությունը՝ անվտանգության տեսանկյունից, որովհետև Ալիևի հանդեպ լռությունը, իներտությունը կամ հավասարության նշանով չեզոքությունը նրան ուղղակի սնուցում են անպատժելիության զգացումով, ինչը կարող է կտրուկ բարձրացնել արկածախնդրության ռիսկը: Իսկ այստեղ արդեն ապակայունացումը Եվրոպայից միայն թվացյալ է հեռու, քանի որ հայ-ադրբեջանական հաջորդ պատերազմը այլևս չի լինելու երկկողմ և մեծ հավանականությամբ նույնիսկ տարածաշրջանային սահմանով չի պարփակվի՝ հաշվի առնելով թե՛ կուտակված սպառազինությունը, թե՛ ներգրավված աշխարհաքաղաքական շահերի բազմազանությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: