ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն (ANCA) ու Ամերիկայի հելլենական խորհուրդը (HALC) նախաձեռնել են հասնել՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու վերաբերյալ ծրագրված գործարքի չեղարկմանը:
Հայ և հույն համայնքները ներկայացնող այս կազմակերպությունները ԱՄՆ-ի կողմից Թուրքիային կործանիչներ վաճառելու հանգամանքը գնահատում են որպես անխոհեմ՝ նշելով, որ Թուրքիան կարող է դրանք կիրառել Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի և Հայաստանի դեմ:
Tert.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասաց, որ նախաձեռնությունը ուշացած է, որովհետև պայմանավորվածությունը ձեռք է բերվել տարիներ առաջ:
«Ուշացել են: Շատ վաղուց Թուրքիան ու ԱՄՆ-ն ստորագրել են այս պայմանագիրը: Թուրքիան մասամբ մասնակցում է այդ ինքնաթիռների հավաքման աշխատանքներին: Թուրքիային հասանելիք խմբաքանակը վաղուց որոշված է: Այլ հարց է, որ գուցե հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում թուրք-ամերիկյան վատթարացված հարաբերությունները, ԱՄՆ-ում ևս մեկ անգամ մտածեն՝ վաճառել, թե ոչ»,- ասաց փորձագետը:
Ամեն դեպքում, Կարեն Վրթանեսյանը քիչ հավանական համարեց, որ ԱՄՆ-ն վերանայի տարիներ առաջ ստորագրած համաձայնագիրը՝ նշելով, որ խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների հասնող գործարքի մասին է:
«Այլ կլիներ, թե ԱՄՆ հարաբերությունները Թուրքիայի հետ կտրուկ վատթարանային, բայց չեմ կարծում, որ առաջիկայում այդ աստիճանի վատթարացում լինի, որ նման խոշոր գործարքը չեղարկեն»,- նշեց նա:
F-35 կործանիչները հիմնականում արտադրվում են երեք մոդիֆիկացիայով՝ F-35A, F-35B և F-35C, որոնք տարբերվում են ըստ նշանակության: Մասնավորապես F-35A տարբերակը նախատեսված է ռազմաօդային ուժերի համար, որն էլ հենց ձեռք է բերվում Թուրքիայի կողմից:
F-35-ն առաջին թռիչքը կատարել է 2006-ին, որի առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Այն զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։
Կարեն Վրթանեսյանն ասաց, որ այս ինքնաթիռը ԱՄՆ սպառազինության մեջ ամենաառաջավորն է, աշխարհում ամենաժամանակակից ինքնաթիռներից է: Վրթանեսյանը նկատեց, որ Թուրքիայի բոլոր հարևանները՝ բացի Ադրբեջանից, Թուրքիայի համար պոտենցիալ թիրախներ են: